Tuesday, February 27, 2018

Հայաստանը Քեմալական Թուրքիայի և Ռուսասստանի քաղաքական ոլորտում

Ինչպես հայտնի է, աշխարհամարտում պարտված Թուրքիայի արևելյան նահանգներում 1919թ. կեսերից սկսվել էր ազգայնական մի շարժում, որը հաճախ նրա ղեկավար, գեներալ Մուստաֆա Քեմալի անունով կոչում են նաև քեմալական շարժում։ Այդ շարժման նպատակն էր պայքարել Անտանտի երկրների դեմ՝ պահպանելու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Այդ շարժումն իր սուր ծայրով ուղղված էր նաև Հայաստանի ու հայ ժողովրդի ազատագրական ձգտումների դեմ։ Քեմալականները խնդիր էին դրել ուժի միջոցով հակազդել Փարիզի կոնֆերանսին և թույլ չտալ տարածքային որևէ զիջում։ Ավելին, նրանք նպատակ ունեին բռնազավթել արևելահայ տարածքները։

1920թ. հունվարին թուրքական խորհրդարանը մշակեց թուրքերի տարածքային պահանջների «Ազգային ուխտ» անվամբ մի փաստաթուղթ։ Ազգային ուխտի համաձայն՝ Թուրքիայի սահմանների մեջ էին մտնելու ոչ միայն արևմտահայ բոլոր նահանգները, այլև արևելահայ՝ Կարսի և Արդահանի շրջանները։ Այս պահանջները դրվեցին քեմալականների գործողությունների հիմքում։

1920թ. գարնանը քեմալականները Անկարայում, Կ. Պոլսի սուլթանական կառավարությունից անկախ, ստեղծեցին առանձին կառավարություն Մ. Քեմալի գլխավորությամբ և մերձենալու ու բարեկամանալու առաջարկ արեցին Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը։

Խորհրդային Ռուսաստանը քանի որ պայքարում էր Անտանտի տերությունների դեմ, միաժամանակ Անտանտի դեմ պայքարի դրոշով էին հանդես գալիս նաև քեմալականները, ուստի այստեղ նրանց քաղաքական շահերը համընկնում էին։

Այդ հիման վրա տեղի ունեցավ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցում։ 1920թ. ամռանը Մոսկվայի հայ-ռուսական բանակցություններին գրեթե զուգահեռ բանակցություններ ընթացան նաև Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև: Այդ բանակցությունների արդյունքում օգոստոսի 24-ին ստորագրվեց ռուս-թուրքական մերձեցման նախնական պայմանագիր։ Դրանից հետո Ռուսաստանը սկսեց օգնել թուրքերին դրամով, զենքով ու զինամթերքով։ Իսկ թուրքերն այդ օգնությունը իրականում օգտագործեցին ոչ թե Անտանտի տերությունների, այլ Հայաստանի ու Թուրքիայի մյուս ճնշված ազգային փոքրամասնությունների դեմ։ Այդպիսով, Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց երկու զորեղ ուժերի՝ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի արանքում։ Ընդ որում, Ադրբեջանը դարձավ կապող օղակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։

Խորհրդային Ռուսաստանը ցանկանում էր խաղաղ ճանապարհով խորհրդայնացնել Հայաստանը, իսկ քեմալական Թուրքիան ձգտում էր չեղյալ համարել Սևրի դաշնագիրը, զավթել արևելահայ տարածքները ու կազմակերպել հայերի նոր ջարդեր։ Ռուս-թուրքական մերձեցման տեսակետից քարոզչական և գործնական մեծ դեր խաղաց 1920թ. սեպտեմբերի սկզբին Բաքվում կոմունիստական ինտերնացիոնալի կողմից կազմակերպած Արևելքի ժողովուրդների համագումարը։ Այն ուներ ընդգծված հակահայաստանյան ուղղվածություն։ Համագումարում Թուրքիան հայտարարվեց Արևելքում համաշխարհային հեղափոխության միջնաբերդ, իսկ Հայաստանը որակվեց «միջազգային իմպերիալիզմի գործակալ»։ Դրանով հող նախապատրաստվեց Հայաստանի վրա հարձակման համար։

Այսպիսով, 1920թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը կանգնեց թուրքական ներխուժման վտանգի առաջ։

Սևրի պայմանագիր
Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ. օգոստոսի 10-ին, Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորություն, Հեջազ՝ միջև: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ա. Ահարոնյանը Ա. Ահարոնյանը և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ: Միջագգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիրը ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից:


Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի համաձայնագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները: Պայմանագիրը բաղկացած էր 13 մասից ու 433 հոդվածներից, որոնք վերաբերում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային, գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին: Սևրի հաշտության պայմանագրի համաձայն Թուրքիային մնում Էին Կ. Պոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում միջազգային կառավարման ներքո: Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովիկղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից: Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը: Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը: Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիանու Միջագետքը (Իրաք) Ազգերի լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային: Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձավոր Արևելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական և տնտեսական վերահսկման համար:


Սևրի հաշտության պայմանագրի «Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես «ազատ ու անկախ պետու-թյուն»: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսինահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ (տե՛ս Վիլսոնի իրավարարական պայմանակարգ): Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում: Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդվածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխանակում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրում՝ համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում: Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին: Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ. օրենքը: Թուրքիայում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից. «Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում է իր և Օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն՝ 1914 թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար»: «Պատիժներ» մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր նաև հանձնել այդ մարդկանց, ինչպես և նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «...Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը 1914 թ. օգոստոսի 1-ին»: Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով: Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխի հովտով դեպի Բաթում «Հայկական միջանցքի» գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով: Եվ քանի որ դեռևս հայտնի չէր Տրապիգոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորվում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն:

No comments:

Post a Comment