Sunday, January 28, 2018

«ԵՐԵՎԱՆ 2800»-«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԸ»

Հունվարյան նախագծերի շրջանակներում,պատմության խմբով մասնակցեցինք

<<Երևանյան ձիարձանները>>նախագծին:Նախագծի նպատակն էր`ճանաչել և ճանաչելի դարձնել մեր մայրաքաղաքի ձիարձանները, ընկալել դրանք որպես պատմամշակութային հուշարձաններ, ճարտարապետության uև քանդակագործության արժեքավոր նմուշներ:

Նախագիծը մեկնարկեցինք Մայր դպրոցից` հարցումներ անցկացնելով սովորողների և դասավանդողների հետ:Շատերը կարողացան թվարկել ձիարձաններից մի քանիսը:

Առաջին ձիարձանը,որը այցելեցինք`Զորավար Անդրանիկինը այնուհետև Վարդան Մամիկոնյանինն էր:
 Զորավար Անդրանիկի արձանը տեղադրվել է 2002

թվականին։ Հուշարձանի քանդակագործն է Արա Շիրազը: Նրա կերտած մի ամբողջ շարք հուշարձաններ այսօր արդեն դարձել են հայ ժողովրդի մշակութային հարստությունը։ Հայոց մեծերի այդ պանթեոնում բարձրարվեստ և ինքնատիպ մարմնավորումներ են ստացել աշխարհիկ ու հոգևոր ոլորտի երևելի այրեր` Խրիմյան Հայրիկից և Վազգեն Առաջինից մինչև Ե. Չարենց ու Պ. Սեւակ, Վ. Սարոյան ու Ս. Փարաջանով։



Արձանի մոտ գտնվելու ժամանակ պատրաստեցինք ռադիոնյութեր,հարցազրույց վերցրեցինք անցորդներից:Հետո քայլեցինք դեպի Խանջյան փողոց, որտեղ տեղադրված է «Վարդան Մամիկոնյան» ձիարձանը: Այստեղ նույնպես լսեցինք ձիարձանի ստեղծման պատմությունը, հարցեր ուղղեցին անցորդներին, նորից ռադիոձայնագրություններ, լուսանկարահանումներ և այլն:





Վարդան Մամիկոնյանի ձիարձանը հիմնադրվել է 1959 թվականին, քանդակագործն է՝ Երվանդ Քոչարը: Վարդան Մամիկոնյանի ձիարձանը տեղադրվել է 1985-ին։ Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։ Արձանը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ: Վարդան Մամիկոնյանը 5-րդ դարի հայ զորավար է, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թթ. հայ ազատագրական շարժման առաջնորդ: Վարդան Մամիկոնյանը առավել հայտնի է դարձել Ավարայրի ճակատամարտում, որը տեղի է ունեցել 451 թվականի մայիսի 26-ին, Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում՝ հետագայում դասվելով սրբերի շարքը։



Երկրորդ շաբաթում այցելեցինք <Սասունցի Դավիթ>>և<<Մարշալ Բաղրամյանի>>ձիարձանները:

Անդրադարձ կատարելով Երևան քաղաքում գտնվող ձիարձաններին, առաջինը միանշանակ պետք է ներկայացնել Երվանդ Քոչարի ստեղծած Սասունցի Դավթին:«Սասունցի Դավիթ» ձիարձանը Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։ Հենրիկ Իգիթյանը ասել է, որ եթե Քոչարը անգամ միայն Դավթի արձանը կերտեր, դրանով իսկ կմնար համաշխարհային պատմության էջերում: 1939 թվականին հայտարարվեց մրցույթ «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակին ընդառաջ, և այդ մրցույթում Երվանդ Քոչարը, ով նոր էր վերադարձել Փարիզից, հանձն առավ կատարելու այդ գործը: Փայտե մի քանի մետրանոց պատվանդանին Սասունցի Դավթի գիպսե արձանը պատրաստ էր 18 օր անց։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի՝ մինչև Քոչարի ձերբակալումը։ Քանդակագործին մեղադրեցին, որ «մերկացրած սրով հեծյալը սուրում է դեպի «բարեկամ» Թուրքիա», որը հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, երկու ամիս բանտում անցկացնելուց հետո նրան ազատեցին հանցակազմի բացակայության հիման վրա։ 1957 թվականին Երևանի քաղաքային խորհուրդը նրան կրկին հանձնարարեց Սասունցի Դավթի արձանը կերտել։Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին: Այն ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Պետք է նշել, որ «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։

<<Սասունցի Դավիթ>>ձիարձանից հետո շարունակեկլով նախագիծը,մետրոյով գնացինք <<Մարշալ Բաղրամյան>>ձիարձանի մոտ:









Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց: «Մարշալ Բաղրամյան» ձիարձանը տեղադրվել է 2003 թվականին։ Քանդակագործն է՝ Նորայր Կարգանյան: Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։
Վերջին ձիարձանը,որը այցելեցինք <<Հայկ Բժշկյանի>>կամ <<Գայի>> ձիարձանն էր:



ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆ կամ ԳԱՅ- Հայ կամավորական շարժման ակտիվիստ, ռազմական ճանաչված գործիչ: «Գայ» անունը ստացել է Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի տարիներին, որը Հայ-Հայկ անվան ռուսերեն արտահայտությունն է: Նրա գլխավորած դիվիզիան տարած հաղթանակների և բարձր կարգապահության շնորհիվ կոչվել է «Երկաթե դիվիզիա»: 1937 թ., ինչպես շատ ռազմական գործիչներ, այնպես էյ Գայը, անհիմն բռնադատվեց և 1 տարի անց գնդակահարվեց:




Քանդակագործ Սուրեն Նազարյանը Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում 1974-75 թթ. կանգնեցրեց այս հրաշալի հուշարձանը՝ «Գայի» ձիարձանը, որն ունի 3 տոննա կշիռ և 12,5 մետր բարձրություն: Ճարտարապետը Սարգիս Գուրզադյանն է: Ասում են, որ «Գայի» ձիարձանը աշխարհի ամենամեծ բրոնզաձույլ ձիարձանն է: Նշեմ նաև, որ հուշարձանի հարակից պուրակը կոչվում է քանդակագործի՝ Սուրեն Նազարյանի անունով:

Ավարտեցինք <<Երևանյան ձիարձաններ>>նախագիծը,որի ընթացքում շատ օգուտներ քաղեցինք:Ինքներս գնացինք և մեր աչքերով տեսանք ձիարձանները,սովորեցինք նրանց գտնվելու վայրերը:Նախագծի ընթացքում շարունակաբար նոր նյութեր էինք իմանում,յուրքանչյուրի մասին:Ինչպես նաև հետաքրքիր էր,լսել անցորդների պատասխանները:Շատերը կարողացան թվարկել բոլոր հինգ ձիարձանները,իսկ մնացածը մասամբ:Սովորեցինք,որ Երևան քաղաքում կան հինգ ձիարձաններ`Զորավար Անդրանիկ,Վարդան Մամիկոնյան,Գայ,Սասունցի Դավիթ,Մարշալ Բաղրամյան:

No comments:

Post a Comment